Ադրբեջանը հայտնել է Չինաստանի եւ Պակիստանի համատեղ արտադրության «JF-17 Thunder» ռազմական ինքնաթիռներ գնելու մտադրության մասին: Այս մասին ադրբեջանական АПА գործակալությանը հաղորդել են «Pakistan Aeronautical Complex - PAC» ընկերությունում, որը մասնակցում էր«Dubai Airshow - 2011»-ին:
Ավիաշոուի շրջանակներում «JF-17 Thunder» ինքնաթիռների ցուցադրական ելույթներ ենկայացել: Թռիչքները դիտել են նաեւ ադրբեջանական պատվիրակության անդամները:
Ըստ ընկերության պաշտոնական ներկայացուցիչների` Ադրբեջանի հետ բանակցւթյուններ տարվել են, սակայն այս պահին առուծախի փուլում չեն գտնվում: Ներկայումս ընկերությունը Պակիստանի ռազմաօդային ուժերի պատվերն է կատարում, Ադրբեջան արտահանումը կարող է իրագործվել մի քանի տարվա ընթացքում: Այնուամենայնիվ, կողմերն արդեն նախնական պայմանավորվածություն ունեն առաքումների ծավալի վերաբերյալ:
Ինչպես նշեցին ընկերության պաշտոնական ներկայացուցիչները, հաջորդ տարվանից Չինաստանի եւ Պակիստանի միջեւ համագործակցության շրջանակներում կսկսվի «Բլոկ-2» տարբերակի մշակումը: «JF-17 Thunder» ինքնաթիռի այդ տարբերակը հագեցած կլինի նոր էլեկտրոնային եւ սպառազինական համակարգերով:




























