Երեւանի ավագանին այսօր` նոյեմբերի 15-ի իր նիստում քաղաքապետ է ընտրվել Տարոն Մարգարյանը: Նա այդ պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր եւ Երեւանի ավագանիում ընտրվել է միաձայն` 49 կողմ ձայներով: Ընտրություններին չի մասնակցել ավագանու 3 անդամ, որոնցից մեկը Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանն է: ԲՀԿ-ն թեկնածու չէր առաջադրել եւ պաշտպանում էր ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Նա Երեւանի թվով 54-րդ քաղաքապետն է:
Նշենք, որ Երեւանի ավագանում ՀՀԿ խմբակցության անդամների թիվը 35 է, ԲՀԿ-ինը` 17, իսկ ՀԱԿ-ը, որն ընտրությունների արդյունքում ստացել էր 13 մանդատ, չէր վերցրել իր մանդատները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին: Հոկտեմբերի 31-ին ՀՀԿ խորհրդի նիստում Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն առաջադրել էր Տարոն Մարգարյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի վերջին հրաժարական տվեց: Քաղաքի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանը ծնվել է 1978 թվականի ապրիլի 17-ին Երեւանում, մտավորականի ընտանիքում:
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան եւ ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետեւ` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երեւան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երեւանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2005 թվականից «Խութ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից ՀՀԿ անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998 թվականից ղեկավարում է ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգեւատրվել է.
ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացիի մեդալով,
ՀՀ Ազգային ժովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից` «Գարեգին Նժդեհ» մեդալով,
Երեւանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով եւ «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկե հուշամեդալով,
Երկրապահ կամավորականների միության կողմից` «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով:
«Հայաստանի համայնքների միության» կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ երեք որդի:



























