Համացանցից օգտվողները Google-ի տիեզերական լուսանկարներում մի շարք խորհրդավոր սարքավորումներ են հայտնաբերել չինական Գոբի անապատում. հսկա շերտեր, շրջանակներ եւ օդակայան հիշեցնող ինչ-որ բան: Այժմ նրանք փորձում են գուշակել, թե  այդ ի՞նչ ցիկլոպյան սարքավորումներ են ֆիքսվել լուսանկարներում, ինչի՞ համար են դրանք նախատեսված:

Ինչպես հայտնում է NEWSru.com-ը, հայտնաբերված օբյեկտներից առաջինը ամենախորհրդավորն է, մեծ թվով հսկայական շերտեր, որոնք նման են մետաղականի: Դրանք անապատի կենտրոնում բարդ նախշ են ձեւավորում: Միգուցե, այդ կոնստրուկցիան միտումնավոր այդպես է արվել, որպեսզի տեսանելի՞ լինի տիեզերական ուղեծրից: Նման «ցանց» է հայտնաբերվել նաեւ այլ վայրում: 

Երրորդ օբյեկտը կազմված է հազարավոր սպիտակ շերտերից, որոնք 28 կմ ձգվող հսկայական վանդակ են ձեւավորում: Դիտողներին նաեւ փակուղու առաջ է կանգնեցրել խորհրդավոր շրջանը, որի կենտրոնում ինքնաթիռ հիշեցնող երեք սարքավորում են նկատվում:

Գոբի անապատում նաեւ ավելի հասկանալի օբյեկտներ կային. այսպես, նկարներից մեկում օդակայան հիշեցնող ինչ-որ կառույց կա: Դրա թռիչքա-վայրէջքային գիծը երկնագույն է:

Բլոգերները տարբեր կարծիքներ են հայտնում այդ օբյեկտների վերաբերյալ: Բոլորը հիմնականում հակված են մտածելու, որ դրանք ռազմակայաններ են:

Բրիտանացի պաշտպանության գծով փորձագետ Թիմ Ռիփլին Չինաստանում հայտնաբերված կառույցները համեմատել է Նեւադա նահանգում գտնվող  Պենտագոնի «Տեղամաս 51» գերգաղտնի կայանի հետ, հայտնում է The Telegraph http://www.telegraph.co.uk/ թերթը: Ամերիկյան իշխանությունները այդ ռազմակայանի գոյության փաստն ընդունել էին միայն 90-ական թվականներին:

ԱՄՆ-ում չեն բացառում նաեւ այն վարկածը, որ չինացիները անապատում ամերիկյան քաղաքների լայնամասշտաբ քարտեզներ են պատրաստում որպեսզի նախապատրաստվեն դրանց  հարված հասցնելուն:

Մեկ այլ հիպոթեզի համաձայն` չինացիները գծերի եւ շրջանների օգնությամբ փորձում են հաղորդակցվել այլմոլորակայինների հետ: