Դեկտեմբերի կեսերին Մոսկվայի Բասմաննայա փողոցի 19 հասցեում կբացվի Հայկական գրքի տունը: Գործառութային առումով այն նման կլինի Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող Ռուսական գրքի տանը:
Ինչպես տեղեկացնում է ԱՊՀ Երիտասարդական միության մամուլի կենտրոնը, երկու տները սերտ հարաբերություններ կհաստատեն, ինչը հնարավորություն կտա հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւս մեկ ամուր հիմք ստեղծել: Հայկական գրքի տունը կծառայի նաեւ իբրեւ հասարակական եւ մշակութային կենտրոն:
Հաջորդ տարվա հունվարից ռուսական մայրաքաղաքի հայ բնակիչները հայերենի դասընթացների հաճախելու հնարավորություն կունենան: Հայկական գրքի տան կազմում կգործեն գրախանութ եւ «Արմենիա» մամուլի կենտրոնը, որը կհամագործակցի Երեւանում Ռուսական գրքի տան «Ռոսիա» մամուլի կենտրոնի հետ:
Մոսկվայի Հայկական գրքի տունը նաեւ կզբաղվի «Ռուսաստանի հայկական աշխարհը» ամսագրի հրատարակությամբ, որի էջերում կարտացոլվեն ռուս-հայկական հասարակական եւ մշակութային հարաբերությունների զարգացման հարցերը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քաղաքներում Հայկական գրքի տասը տների կառուցման որոշումը հոկտեմբերի 1-ին կայացրել էր ԱՊՀ Երիտասարդական միության կառավարման խորհուրդը: Մոսկվայում Հայկական գրքի տան բացումից հետո կսկսվեն Ռուսաստանի 10 տարածքային կենտրոններում Հայկական գրքի տների բացման կազմակերպչական աշխատանքները:
Նշենք, որ ԱՊՀ երկրների Երիտասարդական միության խորհրդի նախագահը այս տարվա հունիսից հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանն է:



























