«Մանկական Եվրատեսիլ-2012» մրցույթում որոշ անակնկալներ են լինելու, որոնց թվում է բեմադրություն-հրավառությունը հենց Մարզահամերգային համալիրի ներսում, որտեղ տեղի է ունենալու մրցույթը: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում ասաց «Մանկական եվրատեսիլի» կազմակերչական կոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը:

Նրա խոսքով, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, դեկտեմբերի 3-ին կկայանա հիասքանչ բեմադրություն-հրավառություն: Այն հնարավոր է եղել կյանքի կոչել մեծագույն ջանքերի շնորհիվ: Նա նշեց, որ շաուի կազմակերպման աշխատանքներին մասնակցելու համար հրավիրվել են միջազգային փորձագետներ, մասնավորապես, Ուկրաինայից:

«Եվրատեսիլի» բացման արարողությանը հանդես կգան երգչուհի Սիրուշոն եւ «Մանկական եվրատեսիլ-2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Բացի այդ, բացմանը հանդես կգա նաեւ հյուր Եվրոպայից, ում անունը գաղտնի է պահվում:

Ինչ վերաբերում է մրցույթի հայ մասնակից Դալիթային, նա, ըստ Վարդանյանի, հրաշալի վիճակում է եւ ամեն օր պարապում է 3-4 ժամ:

«Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ այս տարի եւս Հայաստանի հաղթանակի շանսերը շատ մեծ են:

Նա հայտնել է, որ գլխավոր փորձի ժամանակ (դեկտեմբերի 2-ին) եւ հենց մրցույթի օրը հանդիսատեսին սպասում է անմոռանալի ու վառ շոու: «Ներկայումս ավարտվում են բեմի վերազինման եւ գեղարվեստական ձեւավորման աշխատանքները: Բեմն արդեն յուրահատուկ տեսք ստացել»,- ասել է նա, հավելելով, որ մարզահամերգային համալիրը նախատեսված է 8 հազար հանդիսատեսի համար:

Ինչ վերաբերում է տոմսերին, ըստ Վարդանյանի, էժան տոմսերն արդեն վաճառված են: Նրա խոսքով, առաջին օրվա համերգի տոմսերը 3,5-22 եվրոյի սահմաններում են: Հիմնական մրցութային օրվա տոմսերի գինը կլինի 9-55 եվրոյի սահմաններում:

Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ-2012» մրցույթը կկայան Երեւանում, դեկտեմբերի 2-3-ին: Մրցույթին կմասնակցեն 14 երկրների 10-15 տարեկան ներկայացուցիչներ:

Հայաստանը մրցույթում ներկայացնելու է Դալիթան` Welcome to Armenia երգով: