Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը եւ հակասահմանադրական չի ճանաչել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածը:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր ՍԴ-ին` խնդրելով քննել օրենսգրքի տվյալ դրույթի սահմանադրականությունը, որը վերաբերում է զրպրտությանն ու վիրավորանքին: 

ՍԴ-ն այսօր` նոյեմբերի 15-ին քննել է դիմումը, եւ եւ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել, սակայն տվել է տվյալ օրենքի կիրառման մեկնաբանությունը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ներկայացրել է 37 էջանոց վճռի միայն եզրափակիչ մասը, նկատել է, թե լրատվամիջոցների դեմ նյութական փոխհատուցման վճիռներ կայացնելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ լրատվամիջոցների նյութական հնարավորությունները, նաեւ նպատակ չհետապնդեն սնանկացնել լրատվամիջոցը:

Նշենք, որ օրենսգրքում 2010թ. փոփոխությունը ներկայացրել էր հենց Կարեն Անդրեասյանը, ով եւ այժմ վիճարկում էր իր իսկ հեղինակած դրույթի սահմանադրականությունը: Ըստ Անդրեասյանի, օրենքի տվյալ դրույթի կիրառումը հանգեցնում է ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակմանը` արդյունքում վտանգելով որոշ լրատվամիջոցների հետագա գործունեությունը:

Գործով պատասխանող, ԱԺ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ Անի Մխիթարյանը անհիմն էր որակել դիմումը եւ ՍԴ-ից խնդրել էր մերժել այն:

Նշենք, որ 2010թ. «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումից հետո, բազմաթիվ հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ, որոնցով միլիոնավոր դրամների փոխհատուցումներ են պահանջում նրանցից: