Հայաստանի կառավարությունը չպետք է իր ծրագրերի չկատարումն արդարացնի ճգնաժամով: Ազգային Ժողովի ամբիոնից նման կարծիք է հայտնել պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նկատել է, որ 2012թ. հարկերի եւ մաքսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին նախատեսված է 17,36 տոկոսի չափով, մինչդեռ 2009-2011թ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով արդեն այս տարի պետք է հասներ 18,03 տոկոսի: «Եւ այդ չկատարումը որեւէ կերպ կապված չէ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ, քանի որ խոսքը վերաբերում է ոչ թե հավաքվող հարկերի բացարձակ ծավալին, այլ ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությանը: ՀՆԱ-ն կարող է նվազել, բայց հարկերի ծավալը պետք է աճեր, ինչը տեղի չի ունեցել: Բացի այդ, ծրագիրը կազմվել է ճգնաժամից հետո եւ պետք է հաշվի առնվեր դրա ազդեցությունը»,- նշել է Մարտիրոսյանը:

Լարիսա Ալավերդյանն իր հերթին նկատել է, թե սոցիալական ուղղված ցանկացած ծրագրի առաջարկ բախվում է միջոցների բացակայության մասին նույն պատճառաբանությանը: «Արդյունքում բնակչության ապահովված 1 տոկոսի շահերը պահպանվում են հուսալիորեն, մյուսները ստիպված են միջոցներ գտնել գոյությունը պահպանելու համար»,- ասել է Ալավերդյանը: