Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուն հայտարարել է 2011թ. Խաղաղության մանկական միջազգային մրցանակի հինգ հավակնորդների անունները: Մրցանակը հոլանդական «KidsRights» կազմակերպության նախաձեռնությունն է,  որը ձեւավորվել է 2005 թ-ին`Նոբելյան մրցանակի դափնեկիրների գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվել էր Միխայիլ Գորբաչովի նախագահությամբ: Մանկական միջազգային մրցանակը շորհվում է այն երեխային, ով կարողանում է իր որեւէ քայլով ինչ- որ բան փոխել ողջ աշխարհի երեխաներին վերաբերող խնդիրների դեմ պայքարում:

Կազմակերպության կայքը տեղեկացնում է, որ 2011թ. մրցանակի հավակնորդներն են  Պաղեստինից 17-ամյա Լիզան, Պակիստանից 13-ամյա Մալալան, Հարավային Աֆրիկայից 17-ամյա Միքայելան, Հայաստանից 17-ամյա Նիկոլայը եւ Ուգանդայից 14-ամյա Ուինֆրեդը: Նրանք ընտրվել են 98 երեխաներից, որոնք կազմակերպությունների եւ մասնավոր անձանց կողմից առաջադրվել են 42  երկրից: Նրանցից մեկը 2011թ. նոյեմբերի 21-ին Նիդեռլանդներում կարժանանա մրցանակին:

Հայաստանցի Նիկոլայն աչքի է ընկել նրանով, որ իր կայքի եւ բլոգի միջոցով կազմակերպում է մարդու իրավունքների հարցերով քննարկումներ եւ շնորհանդեսներ:  Նա քաջալերում է մյուսներին նույն կերպ վարվել եւ  հայ հանրության շրջանում տարածել մարդու իրավունքերի  եւ ժողովրդավարության մասին տեղեկություններ: