«Հայկական էլէլկտրացանցեր» ընկերության (այն պատկանում է «Ինտեր ՌԱՕ»-ին) շուրջ ստեղծված իրավիճակը բարեհաջող կկարգավորվի, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Այս մասին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը, հավելելով, որ իր կողմից ղեկավարվող կազմակերպությունը անցել է այդ ընկերությունում կարգուկանոնի հաստատման գործին:
«Իրավիճակը Հայաստանում բավական լարված է, այնտեղ խուզարկություններ են սկսվել: Մենք անցել ենք այդ ընկերությունում կարգուկանոնի հաստատմանը, հեռացրել ենք թոփ-մենեջերին, բացահայտել մի շարք խախտումներ, սկսել ենք համակարգված կերպով դրանով զբաղվել եւ այդ ընթացքում մեծ թվով տարբեր խմբերի շահերին ենք դիպել»,-ասել է Կովալչուկը, ընդգծելով, որ ստեղծված վիճակի մասին զեկուցել են Հայաստանի ղեկավարությանը, հաղորդում է Oilru.com-ը:
«Երկրի կառավարությունը մեզ աջակցեց, բայց միշտ կան նրբություններ: Մենք դրան հանգիստ ենք վերաբերում: Իրավիճակը կարգավորելու համար ժամանակ է պետք: Հարցին, թե երկա՞ր է այս վիճակը շարունակվելու, չեմ կարող պատասխանել, խնդիրը մեծ է, բայց մենք այն կլուծենք: Մենք լիովին բավարարված ենք Հայաստանի նախագահի կողմից ցուցաբերվող աջակցությամբ»,- նշել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի պետեկամուտների քննչական վարչությունը խուզարկություններ ու առգրավումներ է իրականացրել «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունում: Ստուգումներն իրականացվում են հարկային ստուգումների արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում: ՊԵԿ-ը համարում է, որ «Հայկական էլեկտրացանցերը» բյուջե քիչ է մուծել շահութահարկ, եկամտահարկ, ավելացված արժեքի հարկ, պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, ընդհանուր առմամբ 1,9 մլրդ դրամի:



























