Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Օգթայ Ասադովի դրությունը նախանձելի չէ: Ներկայումս ներիշխանական բոլոր խմբավորումները «պատին են դեմ տվել» Ասադովին` թողնելով միայնակ, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը:

«Օգթայ Ասադովի դեմ միավորվեցին այն բանից հետո, երբ նա դուրս եկավ Ռամիզ Մեհթիեւի խմբավորումից: Տարիներ շարունակ Օգթայ Ասադովը աշխատել է Ռամիզ Մեհթիեւի խմբում, սական երկրորդ անգամ խորհրդարանի խոսնակ ընտրվելուց հետո նա սկսեց ոտնակոխ անել Ռամիզ Մեհթիեւի այգիները: Սահմանադրությամբ երկրում երրորդ մարդը` խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը, խոսնակ դառնալով, հրաժարվել է Ռամիզ Մեհթիեւի խմբավորումից: Դրանից հետո ակտիվ գործունեություն ծավալեցին խոսնակի աթոռի վրա աչք ունեցողները, իսկ Մեհթիեւը այլեւս չի օգնում Ասադովին»,-գրում է «Պոլիգոնը»:

2013-ի նախագահական ընտրությունների նախօրեին ռազմավարական նշանակություն ունեցող խոսնակի պաշտոնը զբաղեցնելը կարեւորվում է ներիշխանական խմբավորումների ակտիվ ներկայացուցիչների կողմից: Այդ պատճառով էլ այժմ պայքար է սկսվել այդ պաշտոնի համար: Օգթայի Ասադովը իրադրությունը շտկելու համար ջանում է Արեւմտյան ադրբեջանցիների կլանի ներկայացուցիչներին իր շուրջը պահել: Այդ ձեւով նա կկարողնա պահպանել իր դիրքերը:

Նշենք, որ Օգթայ Ասադովը համարվում է Փաշաեւների կլանի ակտիվ սատարողներից մեկը, ավելին, հանձինս Ասադովի, Փաշաեւները իրենց վերահսկողության տակ են պահում Ազգային ժողովը` ապահովելով իրենց համար քաղաքական դիրքեր: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Ադրբեջանում լրջորեն քննարկվում է Մեհրիբան Ալիեւայի (Փաշաեւայի) նախագահ դառնալու հարցը, կարելի է հասկանալ, թե ինչու նրա գլխավոր հակառակորդ Մեհթիեւը կցանկանա ասպարեզից հեռացնել իր համար անցանկալի Ասադովին: