Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ լրջորեն շեշտադրվում է նաև այն փաստը, որ Ռուսաստանը խախտել է Քիմիական զենքի դեմ միջազգային կոնվենցիան, որը ստորագրել է՝ օգտագործելով քլորոպիկրին Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ։

Քլորոպիկրինն առաջին անգամ օգտագործվել է Գերմանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ներկայումս այն օգտագործվում է հիմնականում որպես խռովության դեմ պայքարող միջոց: Այն արգելված է որպես ռազմական զենք՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը (ՔԶԱԿ) ներառել է այն քիմիական պատերազմի արգելված նյութերի ցանկում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բաց հրապարակումներում քլորոպիկրինը բնութագրվում է որպես գրգռող թունավոր նյութ։

Ռուսաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել Պետդեպարտամենտի մեղադրանքին։

Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը նախկինում միմյանց մեղադրել են արգելված քիմիական զենք օգտագործելու մեջ։ Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ «նման քիմիական նյութերի օգտագործումը մեկուսացված միջադեպ չէ և, հավանաբար, պայմանավորված է ուկրաինական ուժերին ամրացված դիրքերից դուրս մղելու և մարտադաշտում մարտավարական առաջխաղացման ռուսական ուժերի ցանկությամբ»:

Պետքարտուղարությունը կտեղեկացնի ԱՄՆ Կոնգրեսին իր պաշտոնական եզրակացության մասին, որ Ռուսաստանը խախտել է Քիմիական զենքի կոնվենցիան, իսկ հետագայում, ինչպես և սպասվում էր, նաև ՔԶԱԿ-ը։