Google-ի տիեզերական լուսանկարներում երեւացող չինական Գոբի անապատի խորհրդավոր օբյեկտները նույնականացվել են, սակայն մի շարք օբյեկտների նշանակությունն այդպես էլ անհայտ է. բացի այդ, օգտվողներն իրենց երեւակայությունը բորբոքող նոր լուսանկարներ են գտել:
Բրիտանական The Guardian թերթը հիասթափեցրել է ռոմանտիկ տրամադրված օգտվողներին, որոնք կարծում էին, թե լուսանկարներում ոչ երկրային քաղաքակրթությունների հետ հաղորդակցվելու վայրեր են նշմարվում: Թերթը գրել է, որ նկարներում ոչ մի խորհրդավոր բան չկա` դրանք արդյունաբերական օբյեկտներ են եւ ռազմական փորձադաշտեր, որոնց առկայությունը ՉԺՀ-ն չի թաքցնում:
Ըստ հրապարակման`պատկերներում արտացոլված են Լոպ-Նուր լճի կալիումի պարարտանյութերի գործարանը, ինչպես նաեւ Լոպ Նուր ռազմական փորձադաշտը, որը փակ ռազմական գոտի է, բայց չինացիները չեն թաքցնում դրա գոյությունը:
Միեւնույն ժամանակ, բլոգերներին հանգիստ չի տալիս սենսացիայի տենչը, նրանք գտել են նոր խորհրդավոր առարկաներ, օրինակ, անապատի կենտրոնում կանաչ ուղղանկյունների կուտակում, հայտնում է Wired.com-ը:
Բացատրություն չի գտնվել միահյուսված հսկա շերտերով քառակուսու համար, որի կողքին ռազմական այրված տեխնիկայի մնացորդներ են երեւում, ինչպես նաեւ 28 կմ երկարությամբ հսկայական վանդակի համար: Սակայն փորձագետները չեն բացառում, որ դրանց բացատրությունը կարող է լինել շատ պրոզայիկ:
Հիշեցնենք, որ բրիտանացի պաշտպանության գծով փորձագետ Թիմ Ռիփլին Չինաստանում հայտնաբերված կառույցները համեմատել է Նեւադա նահանգում գտնվող Պենտագոնի «Տեղամաս 51» գերգաղտնի կայանի հետ, հայտնում է The Telegraph թերթը: Ամերիկյան իշխանությունները այդ ռազմակայանի գոյության փաստն ընդունել էին միայն 90-ական թվականներին:
ԱՄՆ-ում չեն բացառում նաեւ այն վարկածը, որ չինացիները անապատում ամերիկյան քաղաքների լայնամասշտաբ քարտեզներ են պատրաստում որպեսզի նախապատրաստվեն դրանց հարված հասցնելուն:
Մեկ այլ հիպոթեզի համաձայն` չինացիները գծերի եւ շրջանների օգնությամբ փորձում են հաղորդակցվել այլմոլորակայինների հետ:




























