Առնվազն վեց սպանությունների մեջ կասկածվող հինգ եղբայրները նոյեմբերի 16-ին ձերբակալվել են Լիբանանի Անվտանգության ներքին ուժերի տեղեկատվության բաժնի հետաքննության արդյունքում: Այդ մասին գրում է լիբանանյան «The Daily Star»-ը:

Բեյրութի Ան Նաբաա շրջանում գտնվող բնակարանում ձերբակալված Միշել, Ժորժ, Ազիզ, Մովսես եւ Մորիս Դանիելյանները հայտնի են նաեւ որպես Բու Հաննա ընտանիք:

Ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը գլխավորել է վաղ առավոտյան եղբայրներին ձերբակալած օպերատիվ խումբը: Եղբայրներն ապրել են նույն շենքի տարբեր բնակարաններում, «The Daily Star»-ին պատմել է աղբյուրն անվտանգության ուժերում:

Աղբյուրի համաձայն, Միշել Դանիելյանը քննիչներին պատմել է, որ պատասխանատվություն է կրում տասը մարդկանց սպանությունների համար եւ փորձել է սպանել եւս երկուսի:

«Այս պահին, նրանցից առնվազն մեկը` Միշելը խոստովանել է տասը մարդկանց սպանությունը եւ երկուսին վիրավորելը», – ասել է աղբյուրը: Միշելը թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով ազատազրկված է եղել հինգ տարով:

Աղբյուրը հայտնել է, որ հարցաքննության է հրավիրվել նաեւ եղբայրների մայրը:

Կասկածյալները նախորդ երկու ամիսների ընթացքում սպանությունների համար օգտագործել են գողացված տաքսիներ: Զոհերից մի քանիսին տաքսիում սպանելուց հետո ավտոմեքենայի հետ այրել են: Առնվազն վեց մարդ, այդ թվում լիբանանյան բանակի մի զինվոր սպանված են գտնվել Բեյրութի ծայրամասերում:

Աղբյուրը հայտնել է, որ Միշելը եւ հնարավոր է` նրա եղբայրներից մեկը պատասխանատու են 52-ամյա Ալբերտ Ռամեզ Ալ Նաշարի, 48-ամյա Շաքեր Սայիդ Աբդուլ Նուրի, Հուսեյն Աբդուլայի, Թուֆիկ Թուֆիկի, Զիյադ Հանի Դիբայի եւ Հակոբ Յաղուբյանի սպանության համար:

Աղբյուրը նաեւ ասել է, որ բոլոր հինգ եղբայրներն էլ Սիրիայի քաղաքացիներ են, նրանցից երեքը` Ազիզը, Մովսեսը եւ Մորիսն ունեն նաեւ Լիբանանի քաղաքացիություն:

Գործի բարդության պատճառով անվտանգության ուժերը գործերը բացահայտելու քիչ շանսեր են ունեցել, մինչեւ զոհերից մեկը ողջ չի մնացել վնասվածքներից հետո եւ անվտանգության աշխատակիցներին նկարագրել է հանցագործի դեմքը:

Շարբելը հաստատել է տեղեկությունը, որ Էլիաս Ֆարիդ Ասի անունով զոհը կարողացել է վիրավորել կասկածյալներից մեկին` այդ կերպ քննիչներին թողնելով արյան նմուշ:

Քննիչները դեռ պետք է պարզեն սպանությունների դրդապատճառները: Նրանք բոլորը սպանվել են ծոծրակին կատարած մեկ կրակոցով:

Շարբելը պատմել է, որ Տեղեկատվության բաժինը կասկածյալներին հետապնդել է վարձած տաքսիով:

Աղբյուրը հայտնել է, ո Լիբանանի բանակի 30-ամյա կրտսեր կապրալ Զիյադ Հանի Դիբին սպանելուց հետո մարդասպանը վերցրել է զոհի բջջային հեռախոսը եւ այդ հեռախոսից մի քանի զանգ է կատարել: GPS-ի միջոցով անվտանգության ուժերը կարողացել են տեղորոշել հեռախոսի վայրը:

Դիբի դին գտել են Ան Նաբաայից ոչ հեռու անցնող Բեյրութ գետի ափին: Նույն օրը Բեյրութից հյուսիս գտնվող Սադ Բուշրիա թաղամասի Մար Մարուն փողոցի եկեղեցու մոտ` Դիբի տանից 500 մետր հեավորության վրա գտել են 50-ամյա Հակոբ Յակուբյանի մարմինը:

Կասկածյալներից մեկի բնակարանում հայտնաբերվել է զոհերին սպանած գնդակներին համապատասխանող 7,85 մմ տրամաչափի ատրճանակ, որով մոտ տասը մարդու սպանություն է կատարվել: