Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի այսօր` նոյեմբերի 16-ին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիին եւ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավար Իվան Դրաբեկիի հետ հանդիպմանը քննարկվել են սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման նախագծի հետ կապված հարցեր: NEWS.am-ին փոխվարչապետի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Նրանց փոխանցմամբ` փոխվարչապետին տեղեկացվել է, որ նախագիծը նախապատրաստման փուլում է եւ փետրվարին կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի հաստատմանը: Քննարկվել են նախագծի նախապատրաստման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել ծրագրով վերանորոգվող եւ վերակառուցվող հաստատությունների հետագա պահպանման, համայնքների կողմից համաֆինանսավորման եւ մի շարք այլ խնդիրների: Նախագծում նախատեսվում է ներառել նաեւ ՏԻՄ-երի կարողությունների զարգացման բաղադրիչ, որի շրջանակում կկազմակերպվի ՏԻ մարմինների ներկայացուցիչների վերապատրաստում:




























