Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին շրջանում Բունդեսթագի պատգամավորների վերաբերյալ երկրորդ անհաջող հրապարակումն են թույլ տվել:

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը «հարցազրույց» է հրապարակել ԵԽԽՎ քաղբանտարկյալների հարցերով զեկուցող, գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի հետ: Սակայն ավելի ուշ պատգամավորի կայքում պարզաբանում է տեղադրվել.  «Իրականում թերթը Շտրասերի հետ  ոչ մի նման հարցազրույց չի  ունեցել: Բեռլինում Ադրբեջանի  անկախության 20-ամյակի կապակցությամբ  տեղի է ունեցել ոչ կառավարական կազմակերպությունների համաժողով,  որի ընթացքում քննարկվել են գերմանա-ադրբեջանական հարաբերությունները եւ Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացները:  Համաժողովում հանդես էր եկել նաեւ Շտրասերը: Հոդվածում կան արտահայտություններ, որոնք չեն արվել»,-նշվում է  հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Բունդեսթագի մեկ այլ պատգամավոր` Շտեֆան Կալուդիո Լեմեն հերքում էր պահանջել ադրբեջանական «Թրենդ» գործակալությունից, որը վերջինիս Հայոց ցեղասպանությունը ժխտող արտահայտություններ էր վերագրել: «Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունն ինձ համար պատմական փաստ է»,-ի պատասխան հայտարարել էր Լեմեն: