Հագուստի արտադրությամբ եւ մանրածախ վաճառքով զբաղվող Benetton  ընկերությունը ստիպված է եղել հանել  Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի եւ եգիպտական իմամի համբույրի պատկերով գովազդը, քանի որ այն հարուցել էր Վատիկանի վրդովմունքը:

Benetton-ը իր նոր գովազդը կառուցել է մի շարք համբույրների հիման վրա. այլ պաստառներում համբուրվում են Բարաք Օբաման եւ Ուգո Չավեսը, Կիմ Չեն Իրը եւ Հարավային Կորեայի նախագահը, Անգելա Մերկելը եւ Նիկոլա Սարկոզին, Մահմուդ Աբասը եւ Բենիամին Նեթանյահուն: Գովազդում պատկերված եգիպտական իմամը Վատիկանի հետ մասնակցել է  միջկրոնական երկխոսության ծրագրին: Սակայն այն բանից հետո, երբ Հռոմի պապը դատապարտել էր քրիստոնյա ղպտիների վրա կատարվող հարձակումները, նա հրաժարվել էր կաթոլիկ եկեղեցու հետ հետագայում որեւէ  առնչություն ունենալուց, գրում է Associated Press-ը: http://hosted.ap.org/specials/bluepage.html

Համբույրները, իհարկե, իրական չեն, պատրաստված են Photoshop-ի օգնությամբ: Benetton-ը բացատրում է, որ  քաղաքական եւ կրոնական հակառակորդների համբույրները, որոնք ակամայից նաեւ գովազդում են ընկերության արտադրանքը,  ատելության հաղթահարումն ու բարու հաղթանակն են խորհրդանշում:

Սակայն Վատիկանին այդ բացատրությունը չի համոզել, Վատիկանի ներկայացուցիչը վահանակներն անվանել է   անընդունելի: