Նյու Յորքում այսօր` նոյեմբերի 17-ին լուրջ իրադարձություններ են սպասվում. «Գրավիր Ուոլլ-Սթրիթը» ակցիայի մասնակիցները մի շարք միջոցառումներ են կազմակերպել շարժման երկու ամսվա կապակցությամբ, եւ դրանք կարող են կաթվածահար անել քաղաքի կյանքը, հաղորդում է «Վեստի.ru.-ն:

Շարժման ինտերնետային կայքում զետեղված է նրանց գործողությունների ժամանակացույցը. Նախաճաշին մտադիր են արգելափակել գլխավոր ֆինանսական զարկերակը` Ուոլլ-Սթրիթը, իսկ ճաշի ժամին շրջել մետրոյում եւ համոզել քաղաքացիներին միանալ իրենց: Իսկ ընթրիքին ակտիվիստները երթով շարժվելու են Բրուքլինյան կամուրջ:

Ակցիաներ են նախատեսված ԱՄՆ այլ քաղաքներում, նաեւ Եվրոպայում` Իսպանիայում, Բելգիայում, Դանիայում եւ Գերմանիայում:

Հիշեցնենք, որ օրերս Նյու Յորքում ոստիկանությունը ցրել է վրանային ավանը: Այժմ դատարանի որոշմամբ նրանք կարող են ցույց անել Զուկոտտի այգում, բայց չքնել այնտեղ: Ցրման ժամանակ 70 ակտիվիստներ էին ձերբակալվել: Ձերբակալություններ էին իրականացվել նաեւ այլ նահանգներում:

«Գրավիր Ուոլլ-սթրիթը» ակցիան մեկնարկել է սեպտեմբերի 17-ին, Նյու Յորքում: