Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգի www.armeps.am կայքում մեկնարկել եւ շարունակվում է տնտեսական օպերատորների (գնման գործընթացներում հնարավոր մասնակիցների) գրանցման գործընթացը:

Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համակարգում գրանցվելու համար հարկավոր է այցելել www.armeps.am կայք, հետեւելով հրահանգներին` լրացնել համապատասխան տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել (առձեռն կամ փոստով) հետեւյալ փաստաթղթերը.

1. Պետական գրանցման վկայականի կամ անձնագրի եւ սոցիալական քարտի պատճենները (համապատասխանաբար` ՀՀ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձ լինելու դեպքում),

2. Իրենց երկրների օրենսդրությամբ սահմանված համապատասխան իրավաբանական անձի գրանցման փաստաթղթի կամ համապատասխան անձը հաստատող փաստաթղթի պատճենները եւ դրանց հայերեն թարգմանված օրինակները (համապատասխանաբար` ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձ լինելու դեպքում),

3. Հայտարարություն` էլեկտրոնային գնումների համակարգում գրանցվելու ցանկություն ունենալու եւ դրանից բխող քաղաքացիաիրավական պարտավորությունները եւ պատասխանատվությունը ընդունելու վերաբերյալ (տեքստը կարելի է ներբեռնել www.armeps.am կայքից կամ թղթային տարբերակը ստանալ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում):

«Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգի www.armeps.am կայքում տնտեսական օպերատորների (գնման գործընթացներում հնարավոր մասնակիցների) գրանցման ցանկություն ունեցողներին կարող է տրամադրել ուսուցման ծառայություններ: