Հայաստանի Ազգային պատկերասրահը համալրվել է հայ ժամանակակից նկարիչների նոր աշխատանքներով: 62 աշխատանքների հանձնման արարողությունը տեղի է ունեցել Պատկերասրահում` Հայաստանի Հանրապետության Անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ցուցահանդեսի ավարտին: Ցուցահանդեսի անցկացմանն ու  «Անկախության ներկապնակը» պատկերագրքի տպագրմանն աջակցել է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline):

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին եւ աշխատանքների հեղինակներին, նշելով, որ ժամանակակից նկարիչների աշխատանքները հատուկ նշանակություն ունեն թանգարանի համար: «Այս աշխատանքները կդառան պատմության մի մասնիկ եւ ցուցադրելով դրանք ժամանակի փորձությունն անցած աշխատանքների կողքին, մենք կապահովենք սերունդների կապը»,- ասել է նա:

Ցուցահանդեսը, նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին, անցկացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն են. Արարատյան հայրապետական թեմը եւ Աշխարհի հայ նկարիչների միավորումը, «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ :