Իտալիայի նոր նախարարները դեռ չէին հասցրել զբաղեցնել աթոռները, երբ ամբողջ երկրում ուսանողների բողոքի ցույցեր սկսվեցին` ուղղված «բանկիրների իշխանության դեմ»:

BBC-ն հաղորդում է, որ այն ժամանակ, երբ նոր վարչապետը Սենատում իր ծրագիրն է ներկայացնում,  երկրով մեկ ուսանողների եւ ոստիկանության բախումներ են տեղի ունենում:

 Իտալական 60 քաղաքներում տասնյակ հազարավոր ուսանողներ բողոքում են կրթական բյուջեի կրճատման դեմ  եւ պահանջում են ավելի մեծ ուշադրություն դարձնել երիտասարդների խնդիրներին, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել.

Միլանում,  ոստիկանները զսպում են ուսանողներին, որոնք փորձում են ներխուժել Մոնտիի գլխավորած Բոկոնի ինստիտուտ: Պալերմոյում ցուցարարները ձվեր եւ պայթուցիկներ են նետել բանկի վրա, ոստիկանությունն էլ անմասն չի մնացել` նրանց քարկոծել են:

Հարյուրավոր ուսանողներ հավաքվել են Հռոմի Սապիենզա  համալսարանի դիմացի հրապարակում, իսկ ուսանողների մնացած մասը զբաղեցրել է գլխավոր երկաթուղային կայարանի հրապարակը: Ոստիկանությունը վախենում է, որ ուսանողները երթով կշարժվեն դեպի Սենատ: