Մոսկվայում ընթացող աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարում Լեւոն Արոնյանը երկրորդ պարտիան եւս ավարտեց ոչ ոքի: Մրցակիցը համաշխարհային դասակարգման չորրորդ համար, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկն էր: Արոնյանը խաղում էր սպիտակներով: Առաջին տուրում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենի հետ:

Երկրորդ տուրում ոչ ոքի ավարտվեցին նաեւ Սերգեյ Կարյակին - Հիկարու Նակամուրա, Պյոտր Սվիդլեր - Վիշվանաթան Անանդ պարտիաները: Մագնուս Կարլսենը սպիտակներով պարտության մատնեց աշխարհի չեմպիոնի հավակնորդ Բորիս Գելֆանդին:

Շարունակվում է Յան Նեպոմնյաշչի - Վասիլի Իվանչուկ պարտիան: Միայն այս շախմատիստներն էին առաջին տուրում հաղթանակ տարել եւ այժմ պայքարում են միանձնյա առաջատարի տեղի համար: