ԱԷՄԳ-ի կառավարման խորհրդում «վեցյակի» երկրների ներկայացուցիչները Վիեննայում նիստի ընթացքում համաձայնեցրել են Իրանի վերաբերյալ բանաձեւը, որը, ամենայն հավանականությամբ, նոյեմբերի 18 -ին կընդունվի: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, թե բանաձեւն արտահայտում է «վեցյակի» հավաքական մոտեցումը:
Նա հավաստիացրել է, որ բանաձեւը հավասարակշռված է, հիմնված ճշգրտված փաստերի վրա, չի պարունակում կասկածելի, սպեկուլյատիվ գնահատականներ եւ եզրահանգումներ: Այն ինչպես Իրանին, այնպես էլ ԱԷՄԳ-ին կոչ է անում առավել ինտենսիվ դարձնել համատեղ աշխատանքը, պաշտպանում է այն դիրքորոշումը, որն արտացոլված էր ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի` Իրանի ղեկավարությանն ուղղված նամակում եւ ողջունում է այդ նամակում ներկայացված «վեցյակի» տրամադրվածությանը` իրանական միջուկային ծրագրի բանակցությունների միջոցով կարգավորման առումով:
«Վեցյակի» անդամ են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Չինաստանը:




























