Ամերիկյան Chatauqua Airlines ավիաընկերության օդաչուն պատահմամբ փակվել է զուգարանում թռիչքի ժամանակ: Դեպքն, իհարկե, ուշագրավ է, սակայն հետագա իրադարձություններն ավելի անհեթեթ են:

Lenta.ru-ն, վկայակոչելով The New York Post-ը, գրում է, որ օդանավի հրամանատարը, ով իրականացնում էր չվերթ Հյուսիսային Կարոլինայի նահանգի Էշվիլլա վայրից դեպի նյու յորքյան La Guardia օդանավակայան, ինչ որ պահի մտել է զուգարան, որից հետո չի կարողացել բացել դուռը: Հրամանատարը փորձել է օգնություն կանչել, որին արձագանքել է ուղեւորներից մեկը: Օդաչուն խնդրել է տեղեկացնել անձնակազմին, որ ինքը չի կարողանում դուրս գալ զուգարանից:

Երբ տղամարդը փորձել է մտնել օդաչուների սենյակ եւ հայտնել տեղի ունեցածը, նրան կասկածել են արաբ ահաբեկիչ լինելու մեջ: Երկրորդ օդաչուն նույնիսկ հայտարարել է, որ ուղեւորը մերձավորարեւելյան ակցենտ ունի:

Դեպքի մասին հայտնել են հատուկ ծառայություններին. «Օդանավի հրամանատարը անհետացել է, օդաչուների սենյակ է փորձել մտնել կասկածելի անձ, ով խոսում է մերձավորարեւելյան ակցենտով»: Հրաման է եկել շտապ վայրէջք կատարել, իսկ օդանավին դիմավորելու են գնացել Հետաքննությունների դաշնայի բյուրոյի աշխատակիցները: Իրավիճակի մասին տեղեկացրել են նաեւ ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերին:

«Կատակերգությանը» վերջ է տվել զուգարանում մնացած օդաչուն, ում ի վերջո հաջողվել է դուրս գալ այնտեղից: Նա հասնելով օդաչուների սենյակ հավաստիացրել է, որ ոչ մի վտանգ էլ չկա: