Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն, այսօր` նոյեմբերի 17-ին, քննել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին:

Դատարանը բավարարել է միջնորդությունը:

Նշենք, որ Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգվում է արդեն 4-րդ անգամ: Դատական նիստը կայացել է առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության, նա պարզապես հրաժարվել է մասնակցել դրանց:

Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: