Հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային շուկաներում առավելապես արձանագրվում են գնանկումային միտումներ: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի նոյեմբեր ամսվա վերաֆինանսավորման արձանագրությունում: Մասնավորապես` արդյունաբերական մետաղներից կտրուկ նվազել է պղնձի գինը` անցած ամսվա ընթացքում՝ 11%-ով: Պարենային ապրանքների շուկայում նվազել են բոլոր հիմնական ապրանքատեսակների գները: Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակված պարենային ապրանքների գների ինդեքսը հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 4%-ով, որի արդյունքում 12- ամսյա պարենային ապրանքների գների աճը համաշխարհային շուկայում կազմել է 5.5%: 

ԿԲ խորհուրդն առավել հավանական է համարում, որ առաջիկայում համաշխարհային տնտեսության աճի տեմպերը կդանդաղեն եւ միջազգային ապրանքային շուկաները հիմնականում կլինեն հավասարակշռված: Այս պարագայում ՀՀ տնտեսություն ներթափանցող գնաճային ճնշումներ չեն նկատվի: Սակայն նշվել է, որ դեռեւս պահպանվում են զարգացած երկրների մակրոտնտեսական քաղաքականությունների արդյունավետության անորոշությունները: