Ռուսաստանի պաշտպանության նոր նախարար Անդրեյ Բելոուսովը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ առաջին փոխվարչապետի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնը, ղեկավարել է « Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործունեությունը։ Այս մասին գրել է «Досье» հետաքննչական կենտրոնը՝ հղում կատարելով ՊՆ-ին մոտ կանգնած զրուցակցին։
«Նրանց աշխատանքային հանդիպումները հիշեցնում էին ընտանեկան հավաքույթներ թեյի սեղանի շուրջ. ոչ պաշտոնապես քննարկում էին բոլոր հարցերը, հետո կանչում էին կրտսեր աշխատակիցներին, եւ նրանք արդեն բոլորը ձեւակերպում էին իսկական զեկույցը» նախագահին, նշված է հրապաակման մեջ։ «Նրանք Պրիգոժինի հետ միասին երբեմն գրկախառնված են նստած եղել, բնականաբար՝ միմյանց հետ դու-ով էին խոսում»,- ընդգծել է «Դոսյեի» զրուցակիցը։
Բելոուսովի եւ նրա ենթակաների հետ հանդիպումները կարելի է գտնել Պրիգոժինի անձնական օրագրում, որը հայտնվել է «Դոսյեի» տրամադրության տակ, նշում են հետաքննիչները։ Նրանք չեն ճշտում, թե երբ են տեղի ունեցել հանդիպումները եւ քանիսն են եղել դրանք։ Պաշտոնյան ինքը եւ նրա տիկինը՝ Վերոնիկա Նիկիշինան, չեն պատասխանել լրագրողների հարցերին։
2018թ. Բելոուսովն ուսումնասիրել է ՌԴ-ում մասնավոր ռազմական ընկերությունների զարգացման հեռանկարների վերլուծությունը, նշում են հետաքննիչները՝ վկայակոչելով պաշտոնյայի փոստի արխիվը։ Լրագրողների խոսքով՝ փաստաթղթում նշվել է, որ ՄՌԸ նշանակությունն ուժեղանում է «Ամերիկայի եւ Անգլիայի հետ Ռուսաստանի նոր դիմակայության եւ միջազգային հակամարտությունների «գորշ գոտիների» ընդլայնման ֆոնին»։ Ուսումնասիրությունը վկայում էր, որ ՄՌԸ-ն պետք է կազմավորել «պետության լիակատար վերահսկողության ներքո եւ անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրներին համապատասխան», գրել է «Դոսյեն»։ «Վագներ խումբը» փաստաթղթում նշված է որպես ընկերություն, որը ղեկավարել է պաշտպանության նախարարը։
Անդրեյ Բելոուսովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել է մայիսի 14-ին՝ փոխարինելով Սերգեյ Շոյգուին, որը գերատեսչությունը գլխավորել է 2021թ. նոյեմբերից։ Պուտինի հրամանագրով Շոյգուն նշանակվել է ՌԴ ԱԽ քարտուղարի պաշտոնին, իսկ այդ պաշտոնն զբաղեցնող Նիկոլայ Պատրուշեւը դարձել է նախագահի օգնական։





























