Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 18-ին, երկօրյա այցով ժամանել է Վրաստան, որտեղ Բաթումիի օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:
Այնուհետեւ տեղի է ունեցել երկու երկրների կառավարությունների ղեկավարների երկկողմ պաշտոնական հանդիպումը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Տիգրան Սարգսյանին՝ Վրաստանի վարչապետը նշել է, որ վաղը տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, եւ հույս հայտնել, որ այն կանցնի արդյունավետ մթնոլորտում:
Տիգրան Սարգսյանն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ստեղծվել են հնարավորություններ համագործակցության ընդլայնման համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանը եւ Նիկա Գիլաուրին շրջայց են կատարել Բաթումիում:
Նոյեմբերի 19-ին կկայանա հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, ինչից հետո վարչապետը հանդիպում կունենա նաեւ Աջարիայի հայ համայնքի հետ:



























