Պակիստանի հեռուստահաղորդակցման վարչությունը (Pakistan Telecommunication Authority, PTA) հեռախոսային կապի ընկերություններին է ուղարկել այն արտահայտությունների եւ բառերի ցուցակը, որոնք արգելվում է օգտագործել SMS-ը գրելիս, հաղորդում է mk.ru-ն:
Telenor Pakistan բջջային օպերատորի ներկայացուցիչ Անդժում Նիդա Ռահմանը նշել է, որ ընկերությունը նամակ է ստացել PTA-ից, որին կցված էր արգելված 1500 բառերի եւ արտահայտությունների ցուցակը անգլերեն ու ուրդու լեզուներով: «Բոլոր SMS-ները, որոնք կպարունակեն բառեր այդ ցուցակից, պետք է արգելափակվեն»,-հավելել է Ռահմանը:
Ցուցակը պարունակում է բազմաթիվ բառեր եւ արտահայտություններ, որոնք կարող են համարվել անհարիր եւ վիրավորական, ինչպես նաեւ բառեր եւ հասկացություններ` կապված սեքսուալ հարաբերությունների եւ մարմնի մի շարք մասերի անվանման հետ: Բացի այդ, անհայտ պատճառներով, արգելված բառերի ցուցակում է հայտնվել Հիսուս Քրիստոսի անունը:




























