ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցել Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում եւ օժանդակել նրան ծովային նավատորմի ենթակառուցվածքների նորացման գործում, հայտարարել է ամերիկյան ռազմածովային ուժերի քարտուղար Ռեյ Մաբուսը (Ray Mabus) նոյեմբերի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան» newsgeorgia.ru-ն:
Նոյեմբերի 18-ից 19-ը տեղի ունեցած այցի շրջանակներում Մաբուսը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայի հետ: Կողմերը քննարկել են Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, Վրաստանի` ՆԱՏՕ ինտեգրվելու հեռանկարները եւ Աֆղանստանում խաղաղապահ օպերեցիային (ISAF) Վրաստանի մասնակցության հարցը:
«Մենք կշարունակենք համագործակցել Վրաստանի հետ անվտանգության հարցերում եւ կօժանդակենք Վրաստանին ծովային նավատորմիղի ենթակառուցվածքների վերանորոգման հարցում: Մենք միասին կաշխատենք սեւծովյան սահմանի ամրապնդման ուղղությամբ»,-հայտարարել է Մաբուսը Վրաստանի Ներքին գործերի նախարար Իվանե (Վանո) Մերաբաշվիլիի հետ ունեցած հանդիպումից հետո:
Իր հերթին, Մերաբաշվիլին շնորհակալություն է հայտնել հյուրին օժանդակության համար. «Չնայած, որ ներքին գործերի նախարարությունը ամբողջությամբ վերականգնվել է եւ զինվել է նոր տեխնոլագիաներով, մեր ծովային ուժերը օժանդակության կարիք ունեն, եւ եթե մեր ամերիկացի ընկերները օգնություն ցույց չտային, ապա ծովային սահմանը պաշտպանված չէր լինի»,-նշել է նախարարը:




























