Olympus ընկերության շուրջ ծագած սկանդալի մեջ կարող է ներքաշված լինել ճապոնական մաֆիան: Ընկերության ղեկավարությունը խոստովանել էր երկու տասնամյակ շարունակ հաշվետվությունները խեղաթյուրելու փաստը: Ներկայումս իրավապահ մարմինները եւ ֆինանսական կարգավորիչներն ստուգում են «Յակուձիի» մասնակցությունը արտադրողի կողմից չհաշվառված 4,9 մլրդ դոլարի լուսանկարչական ապարատների եւ էնդոսկոպիկ սարքավորումների անհետացման գործին: Վարկածներից մեկով, այդ գումարները կարող էին «լվացվել» հանցավոր ճանապարհով քրեական խմբավորումների հետ կապված կառույցների հաշվեհամարներին փոխանցվելով, գրում է forbes.ru-ն:
Հետաքննությունն իրականացնում է Ճապոնիայի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը` Տոկիոյի ոստիկանության եւ դատախազության հետ միասին: Ուժային կառույցները կասկածում են, որ Olympus-ը մաֆիային հսկայական գումարներ է վճարել` ընկերության ֆինանսական վիճակի մասին իրական տվյալների քողարկմանն աջակցելու համար, հաղորդում է The New York Times-ը:
Ընկերությունը սակայն պնդում է, որ հաշվետվություններւ խեղաթյուրվել են ` բաժնետոմսերի գների անկումը կանխելու համար: Ընդ որում, կնքվել են միավորման վերաբերյալ ակնհայտ վնասով գործարքներ, որոնք նպաստել են ոչ հավաստի տեղեկատվության «բուրգի» աճին: Ճապոնական իշխանությունները ներգրավել են անկախ փորձագետների` հանրավոր վնասի չափը ճշտելու համար:
Նրանց գնահատականների համաձայն` կասկածելի վճարումները 2000-2009թթ. հասել են 481 մլրդ իենի (6,25 մլրդ դոլար), սակայն հաշվետվությունների մեջ արտացոլվել են միայն տվյալներ 105 մլրդի մասին: Տարբերությունն այսպիսով կազմում է 376 մլրդ իեն կամ 4,9 մլրդ դոլար:



























