Ֆրանսիայի ԱԳ նախարարի Թուրքիայում արած հայտարարությունը հակասում է Հայոց ցեղասպանության հարցում այդ երկրի պաշտոնական քաղաքականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զահրաբյանը: «Այն, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարը նման հայտարարություն է անում, մեղմ ասած, տարօրինակ է, եթե դա դիտարկենք Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստանում արած հայտարարության համտեքստում: Ըստ էության, ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի հայտարարությունը միանգամայն հակասում է Սարկոզիի` մեկ ամիս առաջ Երեւանւմ արած հայտարարությանը, ինչպես նաեւ այդ հարցում Ֆրանսիայի դիրքորոշմանը, որը վավերացրել էր Ֆրանսիայի Սենատը Ցեղասպանության ճանաչման օրենքով, եւ ընդհանրապես, ուղղակիորեն հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը Հայոց ցեղասպանության հարցում»,- նշել է Զոհրաբյանը:
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի ԱԳ նախարարը գոնե այս հարցում պետք է եթե ոչ բացատրություն, ապա որոշ հստակեցում պահանջի ֆրանսիացի գործընկերոջից. «Ես հետեւել եմ Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարությանը, նա դա արել է Ֆրանսիայի անունից: Այսինքն, շատ տեղին կլինի, եթե մեր ԱԳ նախարարը լրացուցիչ հստակեցումներ պահանջի, որովհետեւ եղել են նախադեպեր, երբ պարզվել է, որ սխալ ենք հասկացել: Ֆրանսիան երբեք չի խուսափել 1915թ. դեպքերը ցեղասպանություն կոչելուց: Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, եւ հարց է առաջանում` ի՞նչ է քննարկելու հանձնաժողովը»,- նշել է Զոհրաբյանը:
Նա նաեւ նշել է, որ Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ ԱԳ նախարարի համար խնդիր չէ ցանկացած գործընթաց կեղծելը եւ իրենց ուզած ձեւով ու պահի թելադրանքով ներկայացնելը:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալությանը, հայտնել էր, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն նոյեմբերի 18-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում «մարտահրավեր» է անվանել 1915 թվականի իրադարձությունների թեման` իր երկրի պատրաստակամությունը հայտնելով հյուրընկալել դրա շուրջ հայ-թուրքական քննարկումները։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ժյուպեն նշել է, որ բոլոր մեծ երկրները աշխատանք են տանում իրենց պատմությունն ուսումնասիրելու ուղղությամբ։
Նման աշխատանք կարող է կատարվել պատմական հանձնաժողովում, թուրքական լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Ժյուպեն եւ, Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանը որակելով իբրեւ դժվարին` թե՛ Թուրքիայի եւ թե՛ Հայաստանի համար, հավելել է, թե Ֆրանսիան կարող է կազմակերպել նման հանդիպում:




























