Վրաստանն ինքն է շահագրգռված Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու համաձայնագրի հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց վրացի փորձագետ,  քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն: Նրա խոսքով` Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն այնքան էլ միակողմանի չեն, ինչպես թվում է շատերին:

«Վրաստանը, բացի քաղաքական պահանջներից, Ռուսաստանի նկատմամբ նաեւ տնտեսական բնույթի պահանջներ ունի, որոնք արտացոլված են ստորագրված համաձայնագրում:  Թբիլիսին ինքն է շահագրգռված, որպեսզի հնարավորություն ունենա դրանք Կրեմլին ներկայացնելու»,-նշեց փորձագետը:

Հարցին, թե կարող էր արդյոք ռուս-վրացական համաձայնագիրը ԵՄ կողմից ճնշման արդյունք լինել,  զրուցակիցը բացասական պատասխան տվեց. «Պաշտոնական հայտարարություններից եւ ոչ մեկում նման քաղաքական ճնշում չի եղել, բոլորն ընդգծում էին Ռուսաստանին պահանջներ ներկայացնելու Վրաստանի իրավունքը: Իհարկե, Եվրամիությունը շահագրգռված էր նման համաձայնագրի ստորագրմամբ, սակայն մյուս բոլոր կողմերը նույնպես»,-նկատեց Սակվարելիձեն` համաձայնելով, որ Վրաստանը, այնուամենայնիվ, ինչ-որ զիջումների գանցել է: «Սրանք բանակցություններ են,  եւ ցանկացած բանակցություն պետք է երկուստեք զիջում պարունակի»,-ընդգծեց նա:

Սակավարելիձեն թերահավատորեն է վերաբերվում այն կարծիքներին, թե ռուս-վրացական համաձայնագիրը կարող է  հարաբերությունների ջերմացման մեկնակետ լինել: «Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կան բոլորովին այլ բնույթի լրջագույն խնդիրներ, որոնք պահանջում են լուծման բոլորովին այլ մեթոդներ»,-նշել է քաղաքագետը` ընդգծելով, որ առաջին հերթին նկատի ունի Աբխազիան եւ Հարավային Օսիան:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանն ու Վրաստանը Ժնեւում ստորագրել են համաձայնագիր` Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու վերաբերյալ: Հիմա արդեն Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը կարող է ավարտվել այս տարվա դեկտեմբերի 15-ին` ԱՀԿ անդամ-երկրների նախարարական հանդիպման ժամանակ: