Benetton ընկերության համբուրվող առաջնորդների գովազդի շուրջ աղմուկը չի դադարում. Հռոմի պապի եւ իմամի գովազդային վահանակից հետո մերժվել է նաեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահներ Օբամայի եւ Հու Ցզինտաոյի պաստառը:

ԱՄՆ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ «Սպիտակ տունը դատապարտում է Օբամայի նկարը Benetton-ի  գովազդում օգտագործելը, քանի որ նախագահի կերպարը առեւտրային նպատակներով գործածելն արգելվում է»,- հաղորդում է AFP-ն:

Այս քննադատությունը եւս կարող է թանկ նստել ընկերության վրա. Նյու Յորքում պաստառները խամրել են, դրանց վրայից ջնջել են դրոշների պատկերները: Փաստորեն, ընկերության ձգտումը` հաղթահարել ատելությունը հանուն բարու հաղթանակի, հակառակ ազդեցությունն է թողել. այն ծնել է ատելություն եւ զայրույթ, բայց, լրատվամիջոցների գնահատականով, Benetton-ը հազիվ թե մեղադրի գովազդի հեղինակներին այն բանից հետո, երբ դրան արձագանքել են Սպիտակ տունը եւ պաշտոնական Վատիկանը:

Ընկերության տարբեր պաստառներում համբուրվում են Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը: Բայց նրանք առայժմ չեն արձագանքել Benetton ընկերության գովազդում իրենց լուսանկարներն օգտագործելու փաստի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Վատիկանի բարկացած արձագանքից հետո ընկերությունը ստիպված է եղել հանել Հռոմի պապի եւ եգիպտական իմամի համբույրը պատկերող պաստառը: