Նոյեմբերի 21-25-ը Հայաստանում կանցկացվի երիտասարդ աստղագետների միջազգային համաժողովը: Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողներին հայտնել է Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը: Ըստ նրա`համաժողովին կմասնակցեն 29 երիտասարդ աստղագետներ եւ չորս դասախոսներ: Համաժողովը նվիրված կլինի տիեզերքը նվաճելու 50-ամյակին:
«Մենք ձգտում ենք մեր աստղադիտարանը դարձնել աստղագիտական միջազգային կենտրոն, սակայն պետք է խոստովանենք, որ աստղադիտարանը նման ֆինանսավորման պայմաններում պահելը այնքան էլ հեշտ չէ»,- հայտնել է Հ. Հարությունյանը:
Ըստ նրա` ներկայումս աստղագետների աշխատավարձը քիչ է տարբերվում գիտաշխատողների միջին աշխատավարձից` 50-60 հազար դրամ, որոշ դեպքերում էլ այն մոտ է նվազագույնին: «Մենք ունենք աշխատակիցներ, որոնք 35 հազար դրամ են ստանում: Եթե պետությունը մտադիր է զարգացնել աստղագիտական հիմնարար հետազոտություններում մեր նախկին ձեռքբերումները, ապա գիտնականի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, ինչպես դա կատարվում է զարգացած երկրներում եւ ինչպես դա տեղի էր ունենում Խորհրդային Հայաստանի հետպատերազմյան տարիներին», - նշել է Հ. Հարությունյանը:
Նշենք, որ Հայաստանի գիտական հաստատությունների շարքում աստղադիտարանը միջազգային ֆինանսական աջակցության խոշոր շահառուներից մեկն է: Ըստ Հայաստանի աստղագետների միության տվյալների` 2000-2008թթ. աստղադիտարանին աջակցել են 14 կազմակերպություններ եւ ֆոնդեր: Մասնավորապես, 18 հետազոտական դրամաշնորհներ են ստացվել Գիտության եւ կրթության հայ ազգային ոչ կառավարական հիմնադրամի կողմից (ANSEF), 40-ը` PICS-ի կողմից:
Վերջին տարիներին աջակցության նախագծերից մեկը Իտալիայի կառավարության կողմից տրամադրված 250 հազար եվրոյի դրամաշնորհն էր`տրամադրված աստղադիտարանի սարքավորումների նորացման եւ հայ ու իտալացի գիտնականների համատեղ աշխատանքի համար:
Այնուամենայնիվ, նշել է Հայկ Հարությունյանը, դրամաշնորհային օգնությունը չի կարող լիարժեք ապահովել գիտական ծրագրերի ֆինանսական կարիքները:




























