Բյուրականի աստղադիտարանի տիեզերական աղբի մոնիտորինգի ծրագիրը մեկնարկում է 2012-ի հունվարից: Այս մասին այսօր` նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, Բյուրականի աստղադիտարանը կմիանա տիեզերական աղբին հետեւելու եւ Երկրի մոտ գտնվող տիեզերական տարածքում վտանգավոր իրավիճակների մասին նախազգուշացման համակարգին: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո, որի մասնակցելու մասին հայտարարել են տասնյակ երկրներ:
Նախագիծը կֆինանսավորվի ռուսական տիեզերական «Ռոսկոսմոս» գործակալության կողմից:
Ավելի վաղ նշվել է, որ ֆինանսավորման ծավալը կկազմի 2 մլն դոլար: Այդ միջոցներով ձեռք կբերվի 5 ոչ մեծ հեռադիտակ:



























