Հայաստանի ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանը կտրուկ հերքում է այն կարծիքը, թե զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոգեկան խանգարման պատճառ կարող էր դառնալ սթրեսը:
Նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսում նա հիշեցրեց, որ հոգեկան հիվանդությունները որոշ դեպքերում թաքնված շրջան են ունենում: Շրջապատը, ինչպես նաեւ զորակոչային հանձնաժողովը չեն կարող կռահել, որ մարդը հիվանդ է. «Ի հայտ կգա հիվանդությունը զորակոչից 2 ամիս հետո, թե զորացրվելուց 10 տարի անց` ոչ ոք չի կարող իմանալ»,-նշեց գնդապետը:
Հովհաննես Վարդանյանը զորկոչվել էր բանակ 2010 թ-ին եւ հանգիստ ծառայել մեկ տարի երկու ամիս: Սեպտեմբերի 5-ին երիտասարդական «Չենք լռելու» նախաձեռնությունը տեղեկություններ էր ստացել Վրադանյանի ծեծի միջադեպի մասին: Երիտասարադներն այցելել էին հիվանդանոց եւ նկարահանել Հովհաննեսին ու նրա հարազատներին, որոնք մանրամասներ էին պատմել միջադեպի մասին: Ավելի ուշ Վարդանյանի մոտ հոգեկան հիվանդություն էր հայտնաբերվել: Դիսպանսերի տնօրեն Անաիդա Գեւորգյանը հայտարարել էր, որ Հովհաննեսի մոտ հիվանդությունը քրոնիկ է եւ նա այն ժառանգել է ծնողներից մեկից:



























