Ռումինիայում հատուկ սառցե քաղաք են կառուցում, որտեղ կարելի կլինի անցկացնել ծննդյան տոների եւ ամանորյա արձակուրդները: Այն կառուցվում է Ֆեգերաշ լեռներում` 2000 մ բարձրության վրա, հայտնում է «Ռումինիան այսօր» կայքը:

«Սառցե»  անունով հյուրանոցը  (Hotelul de Gheata) շենքի մոտ սառցային կացարաններ կկառուցի ժամանակավորապես էսկիմոս դառնալ ցանկացողների համար, որոնց ներսում կլինեն փայտով պատված սառցե մահճակալներ, մատրասներ, անկողնու սպիտակեղեն, մորթիներ եւ քնապարկեր: Կացարանի, ինչպես նաեւ հյուրանոցի ներքին ջերմաստիճանը 1-2ºC-ից չի բարձրանա:

Նման էքստրեմալ զբոսաշրջությունն արդեն գրավել է 50 բրիտանացիների ուշադրությունը, որոնք հյուրանոցում տեղեր եւ ռեստորանում սեղան են պատվիրել, որտեղ եւս նստելու են սառցե աթոռներին եւ ուտելու են սառցե սեղաններից: Հյուրանոցի «սառցե եկեղեցում» հարսանիք կկայանա:

Սառցե համալիրի շինարարությունը նախատեսված է դեկտեմբերի սկզբին, իսկ հանդիսավոր բացումը կլինի դեկտեմբերի 25-ին: