Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը «Дождь» հեռուստաալիքին իր հարցաքննությունից հետո տված հարցազրույցում ասել է, որ եկել է  հարցաքննությանը, քանի որ «վստահ է իր արդարացիության մեջ»,  այլ ոչ թե ինչ-ինչ պայմանավորվածությունների պատճառով:

Նա հավաստիացրել է, որ  Մոսկվա գալուց առաջ իր անվտանգության համար ոչ մի երաշխիք չի ստացել, ոչ մի հանդիպում ոչ մի մակարդակով չի ունեցել ու նաեւ չի բացառել, որ իրադարձությունները կարող են նաեւ իր համար ոչ բարենպաստ շրջադարձ ունենալ: «Դե, եւս մեկ անարդարություն կլինի, դրանցով հարուստ է մեր երկիրը»,-ասել է նախկին քաղաքապետը:

Հարցին, թե պաշտպանված է նա մեկ այլ բանով, բացի իր արդարացի լինելու համոզմունքից,  Լուժկովն ասել է. «Արդեն 20 տարի մերկացված եմ: Մնացել է միայն վարտիքը հանել»:

Միաժամանակ նա չի ցանակցել իր գործը համեմատել Խոդորկովսկու գործի հետ, քանի որ, նրա խոսքով «Խոդորկովսկին 285 մլն տոննա նավթ է գողացել պետությունից»:

Նա նշել է, որ հարցաքննության մթնոլորտը աշխատանքային է եղել, հարգալից: Նախկին քաղաքապետն ասել է, թե տվել է ճշգրիտ պատասխաններ, ուստի վրդովված է ՆԳՆ մամլո քարտուղարի այն մեկնաբանությունից, թե իբր տվել է «ոչ հստակ» պատասխաններ:

Հիշեցնենք, որ Լուժկովը Ռուսաստանի ՆԳՆ հետաքննչական դեպարտամենտին ցուցմունք էր տվել նոյեմբերի 15-ին: