Երեւան-Բաթումի չվերթը շատ շահավետ է մասնավոր ընկերությունների համար: Այս մասին Թբիլիսիում այսօր` նոյեմբերի 19-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Հարցին, թե ի՞նչ եք մտածում Երեւան-Բաթումի չվերթերի հաճախականացման եւ դրանց սակագների նվազեցման մասին, Գիլաուրին պատասխանել է. «Ավիաընկերություններից ոչ մեկը պետական չէ, բոլորը մասնավոր են, եւ համապատասխանաբար նրանք որոշ չափով որոշում են այս կամ այն չվերթը շահավե՞տ է, թե` ոչ: Ըստ իս՝ պետք է, որ շատ շահավետ լինի: Կոչ եմ անում եւ՛ հայկական, եւ՛ վրացական ավիաընկերություններին մտածել Երեւան-Բաթումի չվերթի ուղղությամբ: Մենք կառավարությունների մակարդակով ձեռք ենք բերել համաձայնություն բաց երկնքի վերաբերյալ, համապատասխանաբար, ցանկացած ընկերություն կարող է իրականացնել չվերթեր: Դա նրանց համար ձեռնտու պետք է լինի, քանի որ, իսկապես, շատ մեծ է դրանց պահանջարկը»:
Ինչ վերաբերում է հայ-վրացական սահմանային անցակետերի արդիականացման, նա նշել է. «Հայկական եւ վրացական անցակետերի աշխատանքը պետք է դարձնել միասնական: Այդպիսի միասնական վարման մեկ նախագիծ արդեն իրականացրել ենք վրաց-թուրքական սահմանին՝ Սարփիում, եւ համոզվել ենք, որ դա շատ արդյունավետ է: Կրկնակի կրճատվում է սահմանն անցնողների ժամանակի ծախսը: Երկու անգամ սահմանը հատելու փոխարեն՝ կանցնեն մեկ անգամ: Նույն ծրագիրն ուզում ենք իրականացնել հայ-վրացական սահմանին, եւ հուսով եմ որքան հնարավոր է շուտ»:



























