Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Բաթումիում այսօր` նոյեմբերի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ ընդգծել է երկու կարեւոր նախագիծ, որոնք իրականացվում են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի Կառավարությունից: Վրաստանի վարչապետի խոսքով`միասնական անցակետերը կարեւոր են առեւտրի համար, եթե հատկապես հաշվի առնենք, որ այս տարի անցյալ տարվա համեմատ առեւտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: «Անցակատերի արդիականացումը կարեւոր է նաեւ զբոսաշրջիկների համար, որպեսզի հեշտանա Հայաստանի քաղաքացիների մուտքը Վրաստան եւ հակառակը:

Երկրորդ կարեւոր հարցը էներգետիկան է: Վրաստանից Հայաստան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության լարերը կբարեկարգվեն, ինչը կապահովի երկու ժողովուրդների անվտանգությունը»,- ասել է նա: Իսկ ասուլիսի մյուս բանախոսը`

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, նշել է, որ մեզ համար առաջնահերթություն է այսօր երեք սահմանակետերի արդիականացումը: «Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ մենք սկսելու ենք շինարարությունը 2012 թվականին եւ երեք անցակետերը համապատասխանեցնելու ենք լավագույն միջազգային չափանիշներին, եւ ինչպես Վրաստանի վարչապետը նշեց, մենք ցանկանում ենք, որպեսզի մաքսազերծման նոր մեթոդաբանություն ներդրվի`մեր մաքսային կետերը դիտարկենք որպես միասնական, ինչը հարմարավետ է դարձնում մեր քաղաքացիների եւ բիզնեսի համար հատել հայ-վրացական սահմանը»,- ասել է նա:

Երկրորդ առաջնահերթությունը, նրա կարծիքով, համատեղ զբոսաշրջային երթուղիների մշակումն է` Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո, ինչն արձանագրվել է նաեւ այսօր: Տիգրան Սարգսյանի խոսքով`մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եվրոպացի զբոսաշրջիկները նախապատվություն են տալիս մեկ շաբաթվա ընթացքում երկու երկրներ այցելելուն, ինչը նշանակում է, որ մենք պետք է համատեղ զբոսաշրջային երթուղիներ մշակենք:

«Մեր երրորդ առաջնահերթությունը համատեղ ենթակառուցվածքներն են, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Բարձրավոլտ էներգետիկային վերաբերող ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են, եւ դրանք նույնպես համատեղ հետաքրքրություն ներկայացնող առաջնահերություններ են մեզ համար»,- ասել է Հայաստանի վարչապետ: