Վրաստան կատարած երկօրյա այցի շրջանակում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հանդիպել է Աջարիայի հայ համայնքի ներկայացուցչներին: NEWS.am-ին Հայաստանի Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ վարչապետը նշել է, որ միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված են եղել հարցեր, որոնք վերաբերվել են երկու երկրների միջհամայնքային հարաբերություններին եւ Վրաստանի հայկական համայնքին եւ, որոնք ունեն էական նշանակություն` երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերն ամրապնդելու առումով: Կառավարության ղեկավարն աջարահայերին հավաստիացրել է, որ բոլոր այն խնդիրները, որոնք  մտահոգում են նրանց` գտնվում են Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: «Մենք շարունակելու ենք աշխատանքը մեր վրացի գործընկերների հետ, որպեսզի փուլ առ փուլ լուծենք այդ խնդիրները»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանն անմիջական զրույց է ունեցել համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք էլ վարչապետին են ներկայացրել իրենց հիմնական մտահոգությունները:

Աջարիայի հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբարյանը Տիգրան Սարգսյանին խնդրել է օժանդակել Սուրբ Փրկիչ եկեղեցու հարակից տարածքում մշակութային կենտրոնի կառուցման հարցում, քանի որ ներկայում եւ կիրակնօրյա հայկական դպրոցի դասերը, եւ համայնքի մշակութային միջոցառումներն ընթանում են եկեղեցու տարածքում, ինչն այնքան էլ հարիր չէ հոգեւոր կառույցին: Տիգրան Սարգսյանը խոստացել է անպայման զբաղվել այդ խնդրով: