ԱԻՆ-ի աշխատակիցները Դեբեդ գետի վրայով ճոպանուղի են անցկացնում, որը կկապի Քարկոփ գյուղը գլխավոր մայրուղուն: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քարկոփ գյուղի բնակչուհի Թագուհի Անդրեասյանը:
«Ճոպանուղի են անցկացնում, որպեսզի էլեկտրիկը կարողանա գալ և լուծել լույսի խնդիրը, բացի այդ՝ կարողանան անհրաժեշտ տեխնիկա բերել գյուղ»,-պատմեց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Քարկոփ գյուղը գլխավոր մայրուղուն կապող կամուրջն ամբողջությամբ փլուզված է: Գյուղի բնակչությունը տարհանվել է հարակից գյուղեր, որոշները տուն են վարձել, որոշները հարազատների տներում են։ Գյուղը գրեթե դատարկ է, մնացել է մի քանի տղամարդ՝ գյուղը տիղմից հանելու աշխատանքները կատարելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։
Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։





























