Հաագայում գտնվող միջազգային քրեական դատարանը Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի կալանավորման վերաբերյալ պաշտոնական հաստատում է ստացել: Ալ-Իսլամը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների համար գտնվում էր հետախուզման մեջ: Այս մասին հաղորդել են Հաագայի դատարանից:

Դատարանի ներկայացուցիչները հայտնել են, որ ներկայումս համագործակցում են Լիբիայի իշխանությունների հետ, որպեսզի վստահ լինեն, որ Քադաֆիի որդու կալանավորումը կատարվել է օրենքի համապատասխան:

Հիշեցնենք, որ ըստ Reuters-ի, Սելֆ ալ-Իսլամը կալանավորվել է եւ օդանավով լիբիական անապատից տեղափոխվել Զինթան քաղաք, որտեղ կատաղած ամբոխը փորձել է գրոհել օդանավը, որով տեղափոխել են ալ-Իսլամին:

Քադաֆիի որդուն կալանավորելու լուրը հաստատել են նաեւ Տրիպոլիի հեղափոխական խորհրդի աղբյուրները:

Մինչեւ Լիբիայում նոր կառավարության ձեւավորումը, Սեյֆ ալ-Իսլամը եւ նրա երկու օգնականները կմնան Զինթան քաղաքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հաղորդում է RBK-ն, Լիբիայի հեռուստատեսությունը ցուցադրել է մր մարդու, ով շատ նման է Սեյֆ ալ-Իսլամին: Լուսանկարում մորուքով մարդը կիսապառկած է հիվանդանոցի մահճակալին: Նրա ոտքերը փակ են: Տղամարդը սպիտակ վերնազգեստով է: Լուսանկարում երեւում է, որ ամենայն հավանականությամբ, նրա աջ ձեռքը վնասված է` երեք մատները փաթաթված են բինտով:

Միաժմանակ Լիբիայի Անցումային ազգային խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ ձերբակալման պահին Սեյֆ ալ-Իսլամը չի տուժել: Նրա ճակատագիրը կորոշի կառավարությունը, որը կձեւավորվի մոտ օրերս: