Էլ ոչ մեկից օգնություն չենք ուզում, տիղմը կմաքրենք, որ կարողանանք դուրս գանք, հաց առնենք, օգտվենք խանութից էլի: Ալավերդու բնակիչներ Զարուհին և Վահրամը NEWS.am-ին պատմում են՝ շենքում իրենցից բացի ոչ ոք չի մնացել, իրենք էլ տանիքով են մտել շենք. տիղմի պատճառով մուտքը փակվել է: Ամուսինները բահերով մաքրում են շքամուտք լցված տիղմը, որպեսզի կարողանան ելք ու մուտք անել:
«Տանիքով բարձրացել ենք, աստիճաններով իջել տուն, ճանապարհ չկա: Շենքում մարդ չկա, ես ու ամուսինս ենք: Ջուրը հանկարծակի, 5-10 րոպեում շենքը ծածկեց: Բոլորը փախան գնացին 3-րդ հարկ, հետո տանիքով դուրս եկանք, շատ ենք տանջվել»,-պատմում է Զարուհին՝ հավելելով, որ նախքան աղետն էլ շենքը բարվոք վիճակում չէր:
«Վթարային շենք է, մեր ուժերով վերանորոգել ենք, որ գոնե մարդու նմնա ապրենք: Բայց հո էդպես չի ձևը, մեղք չե՞ն ժողովուրդը: Ոչ մեկը տեր չի կանգնում»,-ասում է նա:
«Վաղն էլ պիտի խողովակը միացնենք, լվանանք, հետո նոր տրակտոր բերենք: Եկան, տեսան ոչ մի բան չեն կարողանում անեն, թողին գնացին: Տեխնիկա է պետք, որ մաքրվի»,-պատմում է Զարուհու ամուսինը՝ Վահրամը՝ նշելով, որ միայն ձեռքի ուժով ամբողջությամբ մաքրել հնարավոր չէ, սակայն դեռևս տեխնիկա չի բերվել:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։











