Վրաստանը փաստարկների մի ողջ փունջ ուներ, որոնց հիման վրա ստորագրեց Ռուսաստանի` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու մասին համաձայնագիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` ավելացնելով, որ այդ համաձայնագրով Թբիլիսին շատ բանի կարող է հասնել:

«Համաձայնագիրը փոխզիջումների արդյունք է: Այո, Վրաստանը վերջում չպահանջեց սահմանի վրա վրացի մաքսավորների առկայություն, սակայն Ռուսաստանը ոչ ուղղակի, այլ քողարկված կերպով ընդունեց, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանն անցնում է ոչ թե Ինգուրի, այլ Փսոու գետով: Քանի որ պաշտոնական փաստաթղթերում հենց  այդ աշխարհագրական կետերն են ամրագրված, որտեղ պետք է կանգնեն միջազգային դիտորդները»,-նշեց փորձագետը` ավելացնելով, որ թեեւ համաձայնագրում գերակշռում է տնտեսական բաղադրիչը, քաղաքականը եւս մեծ է:

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե ռուս-վրացական համաձայնագիրը կարող է լինել հարաբերությունների ջերմացման մեկնակետ, Սոսո Ցինցաձեն թերհավատություն հայտնեց: Ըստ նրա` 2008թ. օգոստոսյան դեպքերից հետո սա առաջին դեպքն է, երբ Մոսկվան եւ Թբիլիսին փոխզիջում են ձեռք բերում, սակայն ... «Չեմ կարծում,  որ այսօր գալիս է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական փոխհարաբերությունների դարաշրջանը: Չպետք է ինքնախաբեությամբ զբաղվել: Ռուսաստանը շարունակում է գրավված պահել տարածքի 20%-ը, Կրեմլը ճանաչել է Սուխումի եւ Ցխինվալի անկախությունը: Այդ հարցերը համաձայնագրում շոշափված չեն»,-եզրափակեց նա:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 9-ին Ռուսաստանն ու Վրաստանը Ժնեւում ստորագրել են համաձայնագիր` Ռուսաստանի` ԱՀԿ-ին միանալու վերաբերյալ: Հիմա արդեն Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցության գործընթացը կարող է ավարտվել այս տարվա դեկտեմբերի 15-ին` ԱՀԿ անդամ-երկրների նախարարական հանդիպման ժամանակ: