Համայնքապետն ասաց, որ այսօր Վելոլիա ջրի աշխատակիցները գալու են, զբաղվեն ջրագծի վերականգնմամբ, սկսելու են նոր կոյուղագծի անցկացման աշխատանքները: Էլեկտրաէներգիայի վերանկանգնունը դեռևս վտանգավոր է, պետք է առաջին հերթին տիղմը մաքրվի, հետո նոր հոսանքալարերը ստուգվեն: Քարկոփի բնակիչ Թագուհի Անդրեասյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ այս պահին Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը գյուղում է. գյուղացիներին ներկայացնում է իրականացվող աշխատանքները:
«Քարկոփի կանայք նույնպես միացել են գյուղի տղամարդկանց և ԱԻՆ-ի աշխատակիցներին. օգնում են գյուղի փողոցները, տներն ու բակերը մաքրել տիղմից»,-պատմում է Թագուհի Անդրեասյանը:
Նրա խոսքով, համայնքապետարանը սնունդ և ջուր է տարել գյուղ, այս պահին դրանց պակասը չունեն:
Քարկոփի բնակչուհու պատոմում է, որ գյուղացիները համայնքապետին մտահգություն են հայտնել նաև այն մասին, որ իրավիճակով պայմանավորված չեն կարողանում աշխատանքի գնալ, հետևաբար չեն կարողանալու նաև վարկերը վճարել: Դավիթ Ղումաշյանը բնակիչներին ասել է, որ Քարկոփը աղետի գոտի է համարվում, հետևաբար աշխատանքից ազատման խնդիր չի լինի, իսկ վարկերի մարումների հարցը արդեն քննարկվում է կառավարությունում: Համայնքապետը Քարկոփի բնակիչներին վստահեցրել է, որ շուտով գալու են վնասի չափը արձանագրեն և փոխհատուցեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ-ի աշխատակիցները ճոպանուղի էին անցկացնում Դեբեդ գետի վրայով, որը կկապի Քարկոփ գյուղը գլխավոր մայրուղուն, և հնարավորություն կտա այդ ճանապարհով անհրաժեշտ տեղխնիկա բերել գյուղ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քարկոփի բնակիչները տարհանվել են հարակից գյուղեր, այնտեղ բնակարաններ վարձել: Գյուղում մնացել էին միայն տղամարդիկ, ովքեր փորձում էին սեփական ուժերով մաքրել տներն ու բակերը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Լոռիի եւ Տավուշի մարզերում նախորդ գիշեր տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով Դեբեդ գետը վարարել էր։ Արդյունքում փլուզվել են ճանապարհներ, կամուրջները, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են ջրի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Վարարման հետեւանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Դեբեդի հունը երեկ 6 մետրով բարձրացել էր, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր 16 համայնքների ջրամատակակարումը, երեկ արդեն վերականգնվել է: Հեղեղի հետեւանքով այս պահի դրությամբ կա 4 զոհ։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։ Բեռնատարների համար փակ է Դիլիջան-Իջեւան հատվածը։



























