Երեւանի կենտրոնում գտնվող ավտոկայանատեղիներում ՀԴՄ կտրոն չեն տալիս, մինչդեռ դա է պահանջում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքը: Այս են ցույց տալիս NEWS.am-ի այցելությունները Մաշտոցի, Տերյանի, Աբովյանի, Խանջյանի փողոցներում գտնվող ավտոկայանատեղիներ: Մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են այդ դեղին կամ նարնջագույն «ժիլետներով» մարդիկ, որտեղ են աշխատում, ում են գումար տալիս եւ ինչի համար:
Օրինակ` Տերյանի փողոցում գտնվող ավտոկայանտեղիներից մեկի աշխատակիցը պատմեց, որ իրենք գումարները հավաքում-տալիս են Կենտրոնի թաղապետարանից Արման անունով մի աշխատակցի, նա էլ տալիս է «վերեւներին», եւ իրենց էլ են գումար տալիս: «Մենք տալիս ենք շեֆին, շեֆը էնտեղ որոշում է, թե ում ինչքան տա: Օրական 3000 դրամ թաղապետարանին ա տալիս, հետո գումարը հաշվում ա, տեսնում ա` իրենց ինչքան տա, մեզ` ինչքան»,- նշեց նա:
Ըստ որում` աշխատակիցների վրա դրված «պլանը», տարբեր փողոցների կայանատեղիների դեպքում, տարբեր է: Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիի աշխատակիցներից մեկը պատմեց, որ օրական 2000 դրամ պետք է Կենտրոնի թաղապետարանին տա, իսկ իրենց տարբեր օրերի տարբեր գումար է մնում` 1000-5000 դրամ:
Հետաքրքիր մի օրինաչափություն. այդպես էլ ոչ մի կայանատեղիում մեզ կտրոն չտրամադրեցին, ոմանք անկեղծորեն խոստովանելով, որ «ստեղ չեկ չկա», իսկ ոմանք էլ նշելով, որ «կտրոնը վերջացել է, տարել են լցնեն բերեն»: «Եթե ինչ-որ հարցեր ունեք չպարզված, կարող եք ձեր համարը փոխանցել մեզ, մենք զանգահարենք, թող զանգահարեն ձեզ»,- ասաց Տերյանի փողոցի ավտոկայանատեղիներից մեկի աշխատակիցը:
Ի դեպ, ավտոկայանատեղիների աշխատակիցներից ոմանք հավատացած են, որ իրենք գրանցված աշխատողներ են եւ որպես դրա «վառ» ապացույց հպարտորեն ցույց են տալիս իրենց «բեյջ»-երը:
Երեւանի կենտրոնական փողոցների ամեն մի մետրը բաժանված եւ տրված է վարձակալության: Մոմի լույսով պետք է փնտրես անվճար ավտոկայանատեղի: Սուպերմարկետների, խանութների, զվարճանքի կենտրոնների սեփականատերերը իրենց օբյեկտի հարակից տարածքները դարձրել են ավտոկայանատեղի, եւ եթե օրինակ, դու չես մտնում «Կակտուս» ռեստորան, կամ հաճախորդ չես բերել «ՍԱՍ» սուպերմարկետ, ապա չես կարող այդտեղ կայանել մեքենադ:
Թերեւս բոլորը գիտեն, թե Երեւանի կենտրոնական փողոցները որքան գերծանրաբեռնված են տարատեսակ օբյեկտներով, խանութներով, զվարճանքի վայրերով եւ որ նրանցից ամեն մեկը սեփականաշնորհում է նաեւ հարակից տարածքը, իսկ ազատ մնացած տարածքներն էլ վերցնում են այլ անձինք, օրինակ` թաղապետարանի աշխատակիցները: Այս պարագայում քաղաքացիներին մնում է կամ մեքենայով չշրջել, կամ ամեն քայլփոխի վճարել մեքենան կայանելու համար: Խնդիրն այստեղ ոչ միայն այն 200 դրամներն են, որ մեր քաղաքացիները վճարում են ամեն քայլափոխի` առանց որեւէ ծառայություն ստանալու, այլ այն, թե ո՞ւմ գրպանն են գնում այդ գումարները եւ ինչին են ծառայում:
Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր ավտոկայանատեղիների խնդիրներին, մասնավորապես փորձել էր պարզել, թե ով է տրամադրում ավտոկայանատեղիների տարածքները, ու՞մ եւ ի՞նչ սկզբունքներով:
Փաստորեն, մեր փոքրիկ շրջայցը ցույց է տալիս, որ ավտոկայանատեղիների խնդիրը շարունակում է մնալ բաց եւ չլուծված:











