Տեղի ունեցածի արդյունքներով մենք պետք է նորից անդրադառնանք մեր ճանապարհաշինական և կամրջաշինական ստանդարտներին: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետին և դրա հետևանքներին:
«Առաջինը՝ ստանդարտներին, և երկրորդը՝ որակի հարցին, որպեսզի հասկանանք թե մենք ընդհանրապես ճի՞շտ ենք սպասարկում ճանապարհները, կամուրջները և ընդհանրապես ինչ պիտի նկատի ունենանք կամուրջ ասելով:
Մի քանի այցերի ընթացքում մեկ-երկու մեր կողմից կամուրջ անվանվող շինություն ընկավ աչքովս, որը, ըստ էության, երկու մեծ խողովակ է, պայմանական ուղղահայաց և հորիզոնական ինչ-որ բաներ վրան շարված, որը կամուրջ անվանել շատ դժվար է, և շատ պայմանական է:
Նաև մենք պետք է հասկանանք, թե օրինակ տվյալ հատվածներում ճանապարհային հենապատեր գոյություն ունեցել են, թե՞ չէ, ինչո՞ւ չեն աշխատել այդ հենապատերը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ նաև պետք է վերլուծություն իրականացնենք, թե եղանակի տեսությանը մեր համապատասխան մարմինների արձագանքը որքանով է ադեկվատ եղել. «Այսինքն ինչ է եղել եղանակի տեսությունը, ինչքանով է ճշգրիտ ահազանգվել գետերի հոսքերի հնարավոր մեծացումը և այն մարմինները, որոնք պետք է դրան արձագանքեին՝ ինչքանով են դրան արձագանքել, կարող էին արձագանքել, թե՞ չէին կարող: Սա նույնպես աշխատանք է, որ պետք է անպայման արվի»,- ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը ընդգծեց, որ միջազգային գործընկերներից ստացել են աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության ուղերձներ. «Կարծում եմ՝ կամրջաշինության ոլորտում պետք է խնդրենք մեր գործընկերներին, որ աջակցություն ցուցաբերեն»:
Իր հերթին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց. «Կան միջազգային մեխանիզմներ, որոնք կարող են գործարկվել այսպիսի հանգամանքներում և կան կոնկրետ միջազգային գործընկերներ, որոնք այս կամ այն հարցում աջակցելու պատրաստակամությւոն են հայտնել: Կան նաեւ գործընկերներ, որ հենց մոդուլյար կամ ժամանակավոր կամուրջների հարցում մեզ կարող են շատ օգնել: Մենք շատ արագ պետք է հստակեցնենք, թե կոնկրետ ինչ ենք ակնկալում միջազգային գործընկերներից: Այստեղ հույսներս դնում ենք ՏԿԵՆ-ի վրա: Երբ հստակ անվանումներ, քանակներ, տեսակներ ունենանք, կարող ենք կոնկրետ արդեն դիմել»:











