Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը ներկայումս բավականին փխրուն է:  Այս մասին «ԱրմԻնֆո» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների ուսումնասիրման ինստիտուտին (SIPRI) կից հակամարտությունների կառավարման եւ զինված հակամարտությունների  ծրագրի ղեկավար Նեյլ Մելվինը: Նրա խոսքով` այն ջանքերը, որը գործադրեց Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, հաջողությամբ չպսակվեցին:

«Ռուսաստանին չհաջողվեց ճեղքում իրականացնել, եւ գոյություն չունի հստակ այլընտրանքային գործընթաց, որը կարող է հակամարտության խաղաղ կարգավորման օրակարգն առաջ տանել: Սա հանգեցրել է նրան, որ միջազգային հանրությունը որոշակի  անհանգստություն է  հայտնել բռնության ռիսկի առնչությամբ: Իսկ փաստը, թե Ադրբեջանը տեղ է զբաղեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, նոր գծեր է հաղորդում գոյություն ունեցող իրավիճակին»,-հայտարարել է փորձագետը:

Նեյլ Մելվինի կարծիքով` քիչ հավանական է, որ ՄԱԿ-ում Ղարաբաղի վերաբերյալ  Ադրբեջանի միակողմանի նախաձեռնությունը ճեղքման բերի. «Բացի այդ, դա կարող է ավելի ապակայունացնել իրավիճակը:  Միաժամանակ` չշահագրգռված երրորդ կողմի, ինչպիսին կարող է լինել ՄԱԿ-ը, առավել լայն ներգրավվածությունը, կարող է որոշակի նոր դինամիկա հաղորդել խաղաղ բանակցություններին, որոնք փակուղի են մտել: Արժե ուշադրություն դարձնել, որ Ռուսաստանը սկզբում անհանգստանում էր նման զարգացումով,  քանի որ ընդհանուր առմամբ խոչընդոտում էր ՄԱԿ-ի ներգրավվածությանը հետխորհրդային տարածքի հակամարտություններում` չցանկանալով  ռիսկի ենթարկել  դրանք իր  շահերին  համապատասխան լուծելու ունակությունը»,-հայտարարել է Մելվինը: