Ջրամատակարարումն ու էլեկտրաէներգիան դեռ չեն վերականգնվել, բայց այս պահին խմելու ջրի խնդիր չունենք, համայնքապետարանը ցիստերնով ջուր է բերել բնակիչների համար, մաքրման աշխատանքներն էլ ջրհորերում կուտակված ջրով ենք իրականացնում: Լոռու մարզի Քարկոփ գյուղի բնակիչ Թագուհի Անդրեասյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ  կանայք առավոտյան Ճոճկանից Քարկոփ են գալիս, օգնում տղամարդկանց և ԱԻՆ-ի աշխատակիցներին ՝ մաքրել տներն ու բակերը տիղմից:

«Երեկ գյուղում ենք մնացել, անգամ տղաս է այստեղ: Ճոճկանում մնալ չի կարողանում, ուզում է շուտ գալ տուն»,-ասում է Թագուհի Անդրեասյանը՝ հավելելով, որ չնայած տարվող աշխատանքներին, դժվարանում է ասել, թե երբ վերջնականապես գյուղը կվերաբնակեցվի:

«Դեռ շենքերի սեյսմակայունությունը պիտի որոշվի, կոյուղու հարցը լուծվի: Մերը սեփական տուն է, ջուր չի լցվել ներս, կոյուղու խնդիր էլ չունենք, բայց պատերը ճաքել են: Տներ կային, որտեղ ապրել հնարավոր չէր. քանդել են, որ նորը կառուցեն»,-պատմում է Քարկոփի բնակչուհին:

«Վերջին երկու օրերի ընթացքում ԱԻՆ-ի աշխատակիցների հետ միասին մաքրել ենք նկուղներում կուտակված տիղմը: Երեկ էլ համայնքապետարանը այլընտրանքային ճանապարհով օգնություն է բերել Քարկոփ. ջուր, սնունդ, տեխնիկա: Այս պահին միայն լապտերների և հեռախոսի լիցքավորիչների խնդիր ունենք, բայց համայնքապետարանը խոստացել է մի քանի ժամվա ընթացքում այդ հարցն էլ լուծել»,-ասում է  Թագուհի Անդրեասյանը՝ հավելելով, որ Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը երեկվանից Քարկոփում է, վերահսկում է իրականացվող աշխատանքները:

Քարկոփում երեկ վերականգնվել է գազամատակարարումը: Բնակչուհու խոսքով,  հաշվիչները բարձր էին տեղադրված, խողովակներն էլ չէին վնասվել:

Թագուհի Անդրեասյանն ասում է՝ Ախթալայում կառուցված ոտքի կամուրջը իրենց Ալավերդու հետ է կապում, բայց կամուրջին հասնելու համար երկար ճանապարհ պիտի անցնեն, Մադանով անցնող այլընտրանքային ճանապարհն էլ ոչ բարվոք վիճակում է գտնվում, երթևեկելը դժվար է: Ամեն դեպքում, համայնքապետարանին հաջողվում է օգնություն հասցնել գյուղ:

Քարկոփի բնակչուհին մեզ հետ զրույցում պատմում է այն գիշերվա մասին, երբ սկսվեց հեղեղը:

«Գյուղի տղամարդիկ, երբ հասկացան,  որ գետը  վարարում է, փորձում էին մեծ քարերով փակել ջրի հոսքը, սակայն չհաջողվեց: Երբ գետի ջուրը սկսեց գյուղ լցվել, մեր գյուղի բնակիչ Էդգար Պապինյանը սկսեց իր տրակտորով տարհանել գյուղացիներին: Ինքն էլ չորս երեխա ունի, բայց միայն իր ընտանիքի մասին չմտածեց, այլ գյուղի բոլոր բնակիչների»,-հիշում է Թագուհի Անդրեասյանը: